Վարդենիսում որդին դանակահարել է մորը, Սյունիքի մարզում ինքնասպան է եղել 71-ամյա տղամարդը, Երևանում Կիևյան կամրջից իրեն ցած է նետել 26-ամյա Արմավիրցի երիտասարդը` գրպանում երկտող. «Մամ ջան սենց էր պետք, փորձիր հասկանալ»: Եվ այս բոլորը վերջին մի քանի օրերի ընթացքում: Փոքրիկ Հայաստանում, որի բնակչությունը պաշտոնական տվյալներով շուրջ 3 մլն է, թեև իշխանության ընդդիմախոսները պնդում են, որ այդ թիվը 2 մլն-ից չի անցնում: Գումարած` ամեն ամիս մի քանի տասնյակների արտագաղթը այլ երկրներ: Այս ամենի ֆոնին այսօր Երևանի 2795-ամյակն ենք նշում, որի համար քաղաքապետարանը տրամադրել է 200 մլն դրամ: Սրանք ընդամենը մի քանի փաստեր են, որոնք թվում է` միմյանց հետ կապ չունեն, բայց իրականում իրենց ամենաուղիղ ազդեցությունն են թողնում Հայաստանի հասարակական կյանքի վրա: Մի քիչ շատ չե՞ն մարդկային դժբախտությունները սիմվոլիկ բնակչություն ունեցող փոքրիկ երկրի համար:
Անկախության 22-րդ տարին լրացավ, բայց Հայաստանը այդպես էլ հայի համար ամենաապահով ու երջանիկ վայրը չդարձավ: Հայաստանում կարող են իրենց քիչ թե շատ երջանիկ ու բավարարված զգալ մարդիկ, ովքեր դրսերում կյանքի հարմարավետությունը ապահովագրելուց հետո գալիս են հայրենիք` վայելելու Հայաստանի քաղցրահամ մրգերն ու էժան սպասարկումը` իրենց համար, թեև շատ սփյուռքահայեր գիտեմ, որ հայրենիքում մի քանի օր մնալուց հետո զարմանքով ասում են` սպասարկումը լավ չէ, մի քանի լեզու իմացող համալսարանավարտը խոզ կպահե, շրջան գացի` մարդիկ սոված են, ուսուցիչը տաքսի կվարե, բիզնես ուզեցի ընել, հոս տեղի հայերը խանգարեցին: Տիեզերական էներգետիկայից ու երկրի հետ դրա փոխազդեցությունից հասկացող մեկը կասեր, որ այս տեսակ բացասական էներգետիկ տարածքում մարդը, նույնիսկ հարուստ մարդը իրեն երջանիկ զգալ չի կարող: Հոգեբանը այստեղ պիտի փոքրիկ ճշտում կատարեր` եթե իհարկե ուղեղը չի անջատում ու իր կյանքը կառուցում որոշակի միջավայրի շրջանակներից ներս:
Ես գիտեմ, անշուշտ, որ Երկիր մոլորակի վրա Հայաստանը միակը չէ, ուր սպանություններ ու ինքնասպանություններ են կատարվում, ու այնքան էլ միամիտ չեմ, որ մտածեմ, թե այլ երկրներում դժբախտներ չկան: Բայց ինձ ի՞նչ, թե Մոզամբիկի այսինչ գյուղում մեկը իրեն ջուրն է նետել: Ես, իհարկե, ցավում եմ բոլորի համար, բայց իմ երկիրը իմ սրտին ամենամոտն է:Մարդ եմ, ի վերջո, միս ու արյունից, թուլություններ ունեմ, հպարտություններ` անձնական թե ազգային, ուզում եմ իմ երկրի քաղաքացուն երջանիկ տեսնել, բայց ամենաօրվա լրահոսի մեջ կարդում եմ ինքնասպանությունների, ցմահ բանտարկյալների` կյանքի հետ անհույս պայքարի, բանակում տեղի ունեցող հաշվեհարդարների, քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածների ու էլի շատուշատ բաների մասին: Զարմանալիորեն չեմ ուրախանում, որ անկախության օրը Հանրապետության հրապարակում համերգ է լինելու, կամ Երևանի օրը քաղաքը լցվելու է տարբեր միջոցառումներով, քանի որ աչքովս են ընկնում դրանց համար ծախսվելիք գումարների այնպիսի թվեր, որոնցով կարելի էր մարդկանց կյանքը իրոք թեթևացնել` ձկան փոխարեն կարթի մասին մտածելով, ձևի փոխարեն բովանդակություն ձևավորելով: Հայաստանում վաղուց կյանքը անբովանդակ է, ուրախությունները` մեռելոցներով շաղախված ու երջանկությունը վաղուց մեր դուռը չի բախում հոգևորի տեսքով:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ